Երեկ՝ հունվարի 25-ին, որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնաբերել է 4 զոհի աճյուն։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԻՊԾ խոսնակ Հունան Թադևոսյանը։
Հայտնաբերված բոլոր մարմինները պատկանում են զինծառայողների։ Նրանցից մեկին Մատաղիսից գտել են ադրբեջանցիներն ու հանձնել հայերին։ Ինքնությունը պարզված է, նրա մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունք։ Դա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է։
Մյուս երեք դիերը հայտնաբերվել են Ջաբրայիլում։ Նրանց ինքնությունը պարզված չէ, դիերն անճանաչելի են։
Նշենք, որ այսօր ԱԻՊԾ երկու խումբ կաշխատի Հադրութի շրջանում։ Մինչ այժմ հայտնաբերվել է 1287 աճյուն։