Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան առաջ բերեց նաև բնապահպանական մի շարք հարցեր, որոնք ռիսկերի ու աղետի նախադրյալներ են ստեղծել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Դեռևս պատերազմի մեկնարկից հետո, թեժ փուլերի ժամանակ, սկսեցինք միջազգային գործընկերներին, այդ թվում՝ մի շարք վերպետական համաձայնագրերի, կոնվենցիաների ներկայացուցիչների, առաջադեմ երկրների դեսպաններին, մեր երկրում գործող միջազգային կազմակերպությունների հայաստանյան կազմակերպություններին նամակներ հղել»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ ահազանգեր են եղել պատերազմի բերած աղետի, արգելված ֆոսֆորային զենքի հետևանքով տուժած անտառածածկ տարածքների լայնամասշտաբ հրդեհների մասին։ Սա բերել է ոչ միայն անտառային տարածքների ոչնչացման, այլ նաև կենդանական աշխարհի և հողագրունտի որակական հատկանիշների կորուստի։ Նամակներին կցվել է ՄԻՊ-ի 36 էջանոց զեկույցը։
Նախարարը նշում է, որ նամակների ու դիմումների մասին արձագանքն արդեն շոշափելի է։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած տետատետ շփումների ժամանակ զգացվել է հետաքրքրություն որոշ դետալների նկատմամբ։
«Խոսքը մի քանի հազար հեկտար անտառի մասին է, որի մի մասը հանրապետության հյուսիս-արևելյան, մասնավորապես՝ Արծվաբերդի անտառային տնտեսության տարածքների, մյուս մասը՝ հարավ-արևելյան, մասնավորապես՝ Սյունիքի մարզի երկու՝ Գորիսի և Կապանի անտառտնտեսության մասին է, որը ռազմական գործողությունների թատերաբեմ էր դարձել»,- ասաց Պետրոսյանը։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ Սևանա լիճը սնուցող երկու գետերի՝ Որոտանի և Արփայի ակունքները գտնվում են Քարվաճառում, հակառակորդի վերահսկողության տակ։ Դա, անշուշտ, պարունակում է ռիսկեր։ Որոշ բնապահպանական կազմակերպություններ նույնպես իրենց մտաոգությունն են հայտնել այդ կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: