«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 2020 թվականի ընթացքում որոշում է կայացրել 768 դեպքերի մասով, որոնցից 27-ը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը, 741-ը` պատերազմի հետևանքով:
Armenia Today-ն այս մասին տեղեկանում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի 2020թ․ միջանկյալ հաշվետվությունից, որը հրապարակվել էր նախորդ տարվա վերջում։ Նշենք, որ հատուցումները տրամադրվում են ինչպես զոհված ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, այնպես էլ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, 1572 հատուցում է տրամադրվել զինծառայողների ընտանիքներին։
Դեկտեմբերի 30-ի դրությամբ հիմնադրամը կատարել է 1159 հատուցում։
Միջանկյալ հաշվետվությունից տեղեկանում ենք նաև շահառուների քանակի մասին՝ ըստ տարիների։
Մասնավորապես, 2017թ․ շահառուների թիվը 37 է եղել, 2018թ․-ին՝ 189, 2019թ․-ին՝ 165, իսկ արդեն
2020թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 768:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված, ինչպես նաև անհետ կորած հայ զինծառայողների հստակ թիվը դեռ հրապարակված չէ։ Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հրադադար է հայտարարվել։