Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման հետ կապված հարցերը: Այս մասին ТАСС -ին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Թեմաները սահմանված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունում։ Նախ կանդրադառնանք տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման և զարգացման խնդիրներին»,- ասել է նա։
Օվերչուկը դժվարացել է պատասխանել, թե ինչ պարբերականությամբ են տեղի ունենալու փոխվարչապետների մակարդակով հանդիպումները և արդյո՞ք դրանք միշտ տեղի են ունենալու Մոսկվայում:
«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, առաջին անգամ ենք հանդիպում։ Ընթացքը ցույց կտա», – հավելել է ՌԴ փոխվարչապետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հունվարի 30-ին՝ Մոսկվայում: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որի արդյունքում ստորագրված հերթական հայտարարությունում սահմանվել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների խնդիրների լուծմանն ուղղված և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում նախատեսող միջոցառումները:
Հանդիպման արդյունքում նաև որոշում էր կայացվել աշխատանքային խումբ ձևավորել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով։ Հայկական կողմից խմբի համանախագահ է դարձել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը այդ երկրների ղեկավարների հունվարի 11-ի հայտարարությունն է, մասնավորապես, այդ հայտարարության չորրորդ կետը:
Հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի մարտի 1-ը պետք է հաստատի այն միջոցառումների ցանկը և իրականացման ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնում և կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, կատարման և անվտանգության ապահովման համար։