ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և ծառայության պատասխանատու անձանց ուղեկցությամբ, այսօր՝ Հայրենիքի պաշտպանի օրն այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարարներ՝ Դավիթ Դոլուխանյանի, Հարություն Աթաջանյանի և Հովիկ Աղաջանյանի ընտանիքներին: Իսկ Արայիկ Հակոբյանի հարազատներն Արցախում չեն գտնվել, որի պատճառով այցը հետաձգվել է: Այս մասին հայտնում է ԱԻ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Կարեն Սարգսյանը վերստին ցավակցություն է հայտնել հերոսների հարազատներին, նշել, որ զոհված փրկարարների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրներն այսուհետ ևս լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում ԱԻ ծառայությունից 4 փրկարար է զոհվել: Վերջիններս ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Արիություն» մեդալով, իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով: Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հ. Աղաջանյանին հետմահու շնորհվել էր նաև «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ»,-ասված է հաղորդագրության մեջ։