Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 98 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից, ընդհանուր առմամբ, նախկին բնակության վայր է վերադարձել 51 635 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 37 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 15 շինություն, հայտնաբերվել և տարածքներից դուրս է բերվել 16 պայթյունավտանգ առարկա:
«Ընդհանուր առմամբ, մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 820,3 հա տարածք, 242,8 կմ ճանապարհ, 944 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 889 պայթուցիկ առարկա: Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով տարհանվել է Ադրբեջանի ԶՈւ-երի ծանր վիրավոր զինծառայողը»,-նշել է ՌԴ ՊՆ-ն՝ հայտնելով, որ նրան Արցախի Վանք բնակավայրից Մադաղիզ քաղաք են տեղափոխվել, որտեղից էլ հանձնել են ադրբեջանցի բժիշկներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։