Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը:
««Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն ամսական 100,000 դրամ աշխատավարձ կստանա։ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8,000 դրամ։ Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց»,-ասված է հաղորդագրության մեջ, որտեղ շեշտվել է նաև, որ արդեն մեկ շաբաթից դիմողներն աշխատանքի առաջարկներ կստանան:
Կառավարությունը ժամանակավոր զբաղվածության երկու ծրագրով նախատեսում է աշխատանքի հնարավորություն տալ մոտ 2000 արցախցու:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
«Այստեղ կարևոր է, որ արցախցին չաշխատի և ուսանող չլինի: Այս պարագայում ինքն ավտոմատ կարող է դառնալ գործազուրկ, որից հետո ներգրավվել ծրագրում: Այս պահի դրությամբ և՛ Երևանից, և՛ մարզերից ստացել ենք տվյալներ, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացնում մարդիկ իրենց համայանքներում: Ըստ այդմ էլ կփորձենք հասկանալ դիմողների բնակության վայրը և նման աշխատանքներում ներգրավելու ցանկությունը»: