Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելում է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի այցելում Արցախ՝ պատերազմի ավարտից ի վեր։
Այս մասին ԱԺ-ի արտահերթ նիստում ասել է ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Պատերազմից անցել է 3 ամիս, բայց ՀՀ ֆինանսավորմամբ մեկ տուն անգամ չի կառուցվել Արցախի Հանրապետությունում։ Մասնավոր անձանց կողմից միգուցե կառուցվում է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով․
«Հայաստանի Հանրապետությունը Արցախի բնակիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորը չէ՞ր, սոցիալական պայմաններով զբաղվողը չէ՞ր, էդ ձեռքներդ լվացի՞ք էլի, փաստորեն, Արցախից: Անընդունելի է ձեր վարքագիծը, հարգելի՛ իշխանական պատգամավորներ եւ կառավարություն, օր առաջ վերանայեք ձեր քաղաքականությունը: Գիտակցեք, որ առանց Արցախի Հայաստան չկա, առանց Հայաստանի Արցախ չկա»,-ընդգծեց ԼՀԿ-ական պատգամվորը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի այսօրվա՝ փետրվարի 3-ի արտահերթ նիստում, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։