Ավելի քան 20 հազար արցախցիներ, որոնք ապրել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ներկայումս Հայաստանում են, և նրանք բոլորն ապահովված են ժամանակավոր բնակարաններով: Այս մասին փետրվարի 3-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Ներկայումս ավելի քան 20 հազար արցախցի գտնվում է Հայաստանում՝ ժամանակավոր կացությամբ: Եվ բոլորը պատերազմի առաջին իսկ օրվանից ապահովված էին ժամանակավոր բնակարաններով: Նույնիսկ, եթե այս առումով խնդիրներ ծագեն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրանք լուծում է՝ իր համապատասխան կառույցների միջոցով»,- ասաց նախարարը: Մեսրոպ Առաքելյանը նաև նշեց, որ փոխհատուցվում է արցախցիների ժամանակավոր բնակության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
«Ադրբեջանը մինչև հիմա չի կարողանում հոսանք քաշել Շուշիում։ Իսկ ամբողջ Արցախում էլեկտրահամակարգը պատերազմից հետո ավերվել է, այժմ 24 ժամ հոսանք է ապահովվում»,- ասաց Առաքելյանը։
Նա վստահեցրեց, որ Արցախում ամբողջությամբ վերականգնվել է գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը։
«Այժմ Արցախում մոտ 1000 բնակարան է վերականգնվում։ Նախատեսվում է ավարտին հասցնել մի շարք կիսակառույց շենքերի շինարարությունը»,- ասաց Առաքելյանը։