Փետրվարի 6-ին ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին փոխանցում է ՀՅԴ Արցախի ԿԿ «Ապառաժ» պաշտոնաթերթը:
Հանդիպումից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ նախագահից պահանջել են թափանցիկ և հրապարակային ձևով հանրությանը ներկայացնել անվտանգությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ հարաբերությունների և տարբեր հանդիպումների մասին պատշաճ տեղեկատվություն տրամադրել՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու և առկա անորոշ մթնոլորտը փարատելու համար:
«Մեզ համար կարևորվում է այս հարցերի ներկայացումը ԱԺ-ում՝ որպես առաջնային մանդատ ունեցող պետական մարմին: Նշել ենք նաև պետական ինստիտուտների գործունեության, հատկապես անվտանգության հարցերի լույսի ներքո Անվտանգության խորհրդի ձևավորման կարևորությունը»,- ասել է Դավիթ Իշխանյանը: