2021 թվականի փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 735 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 335-ով:
Այս մասին
տեղեկանում ենք Արցախի ԱԻ պետական ծառայությունից:
Անցած 7 օրերի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ դեպք չի արձանագրվել, փոխարենն ավելացել է հրդեհների մասին կանչերը՝ արձանագրվել է հրդեհի մասին 16 դեպք: Հրդեհները հիմնականում բռնկվել են բաց տարածքում, չոր խոտածածկույթում կամ աղբակույտերում:
Շարունակվում է պատերազմի հետքերից Հանրապետության տարածքի մաքրումը:
Անցած շաբաթվա ընթացքում զենք-զինամթերքի մասով ահազանգման կենտրոնում գրանցվել է 45 կանչ: Չպայթած և վտանգ ներկայացնող զինատեսակների հայտնաբերման, պահեստավորման կամ ոչնչացման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա ամիսներին:
Նշենք, որ բնակավայրերում այդ աշխատանքները հիմնականում ավարտված են:
Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են զոհված կամ անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1357 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձանց մարմիններ են: