Շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնության պահպանումը, սակայն պետք չէ դա նույնացնել անկախության հետ։ Եթե այն պահպանվի, ապա մենք կլինենք դե ֆակտո անկախ ինքնակառավարվող երկիր։ Այս մասին Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Նա նշեց, որ Արցախի տարածքների դեօկուպացիան առաջնային խնդիրներից է, որը կախված է բազմաթիվ նուրբ գործոններից և պետք չէ տրվել զգացմունքների։
Խոսելով ԶԼՄ-ներում տարածված լուրերի մասին, թե արցախցիները կարող են ստանալ ռուսական անձնագրեր, Բաբայանն ասաց, որ Ռուսաստանի անձնագիր ստանալու գործոնը պարզեցված է։ Այսինքն, անկախ այն բանից, թե որտեղ է ծնվել անձը՝ Խորհրդային Վրաստանում, Ռուսաստանում, թե Արցախում, անձնագիր ստանալու գործընթացը միևնույն կերպ է ընթանում։
«Դա պայմանավորված չէ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումով»,- ասաց Բաբայանը։
Վերջինս անդրադարձավ նաև Շուշիում «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման հետևորդների բնակեցման, այնտեղ նրանց համար դպրոց հիմնելու, Շուշին մշակութային քաղաք դարձնելու հարցերին։ Նա ասաց, որ առաջին արձագանքն, իհարկե, զգացմունքային է, թեև ինքը խուսափում է որևէ հարցում զգացմունքայնություն դրսևորելուց։
«Ի՞նչ է նշանակում՝ Շուշիում բացել ահաբեկչական դպրոց ու մսուր-մանկապարտեզից դաստիարակել ահաբեկիչների։ Այնտեղ լինելու են ահաբեկչական գաղափարներ, իսկ «Գորշ գայլերը» թշնամի են Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին, արևմուտքին․․․ Նման քայլերով Շուշին էլ են ուզում դարձնել ահաբեկչական կենտրոն»,- ասաց Բաբայանը։