Արցախ մուտք գործելու կարգում փոփոխություններ կան, որոնք պայմանավորված են անվտանգության նկատառումներով։ Վիզայի տրամադրման ձևաչափի մեջ փոփոխություն չի եղել, պարզապես կատարելագործվում է անվտանգության մեխանիզմը։ Այս մասին Արցախի հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
ԱԳՆ-ն Արցախ մուտքի անվտանգության ուժեղացման համար համագործակցում է ռուս խաղաղապահների և Արցախի համապատասխան կառույցների հետ։ Հարցն, ըստ նախարարի, կկարգավորվի հաշված օրերի ընթացքում։
Ի դեպ, նա նաև հերքել է լուրերն այն մասին, թե Արցախ մուտք գործելու համար պետք է Բաքվի թույլտվությունը։
«Մենք ենք որոշում, թե ով մուտք գործի Արցախի Հանրապետություն,- ասաց Բաբայանը,- իսկ փոփոխվող մեխանիզմները պայմանավորված են միմիայն անվտանգությունն ապահովելու նկատառումներով»։
Բաբայանը կարևորեց Արցախի սուբյեկտայնության պահպանումը, որի համար դիմում է հասարակության օգնությանը։ «Դիվանագետ պետք է լինեն բոլորը»,- ասաց նախարարը։