Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի և կայազորի զինվորական դատախազությունների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Քննարկվել են 2020թ.-ի ընթացքում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի արդյունքները, 2021թ.-ի գործունեության առաջնահերթությունները, ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Արձանագրելով, որ 2020թ.-ը ծանրագույն տարի էր նաև Արցախում ծառայություն իրականացնող քրեական հետապնդման մարմինների և դատախազության ստորաբաժանումների համար՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պատերազմի ամբողջ ընթացքում իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ ծառայողական պարտքը բարեխղճորեն և մեծ նվիրումով իրականացրած կայազորների դատախազության աշխատակիցներին:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերով ողջամիտ ժամկետներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունների իրականացմանը, հայ զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների ամբողջականության և լիարժեքության ապահովմանը:
Նա հանձնարարել է նշված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով։