Կառավարության այօրվա նիստի օրակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախագիծը՝ պայմանավորված ռազմական և արտակարգ դրության արդյունքում ստեղծված պայմաններում պարենամթերքի, ինչպես նաև անասնակերի ապահովման խնդիրները մեղմելու անհրաժեշտությամբ։ «ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված է․
«2019 թվականին պաշտոնական տվյալներով Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա և Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախի Հանրապետությունում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինի ապահովել դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանման ծավալները։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, 2021 թվականին կունենանք նաև անասնակերի ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել պարենամթերքի ինքնաբավության մակարդակը և նպաստել անասնակերի արտադրության ծավալների ավելացմանը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով գարնանացան գարու, ինչպես նաև մի շարք մշակաբույսերի և վերարտադրության հավաստագրված սերմերի վաճառքի գնի տարբերակված սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021թ․ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը գնահատվում են շուրջ 703,6 մլն դրամ։