Հուշարձանները պղծելու վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը քաջ հայտնի է. նման վանդալիզմն անթույլատրելի է, առավել եւս Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների նկատմամբ:
Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի պղծումը։
«Երբ մենք տեղեկություն ստացանք այդ մասին, մենք անմիջապես կապվեցինք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք մեզ հավաստիացրին, որ Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների գերեզմանների և հուշարձանների ավերումը, վանդալիզմի գործողությունները ժամանակին արձանագրվել են, կատարվում է հետաքննություն, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ավետարանոց գյուղում ադրբեջանցիները պղծել են Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանը:
Հուշարձանը տեղակայված է Սուրբ Գայանեի վանական համալիրի տարածքում: