Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Կիրակի օրը 15 հայ ուխտավորներ կարողացան այցելել Դադիվանքի վանական համալիր:
«Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողները ազատորեն թույլ են տալիս ուխտավորների մուտքը համալիրի տարածք ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգությունն ապահովելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարեւանությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Դադիվանքը Քարվաճառի շրջանի տարածքում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու ամենահին քրիստոնեական վանքերից մեկն է, որը, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին:
Հիշեցնենք, որ ուխտավորների մի խումբ փետրվարի 7-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, գնացել էր Դադիվանքի հայկական վանական համալիր, բայց ադրբեջանցի զինվորականները նրանց թույլ չէին տվել մտնել վանքի տարածք՝ ասելով, թե այցը համակարգված չէ իրենց հետ:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր պահանջում միայն Դադիվանք գնացող ուխտավորների թվի վերաբերյալ, նրանց թիվը պետք է լիներ 30-ից ոչ ավելի: Այժմ նրանք պահանջում են նախապես ներկայացնել նաև այցելուների անունների ցուցակը: