Մշտապես հնարավոր թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու նաև միջազգային հանրության հետ գրագետ աշխատանքով, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսելով պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին: «Այդպես է եղել 1990-ականների սկզբներին, կարող եմ օրինակներ բերել, այդպես է եղել 2000-ականների սկզբներին, այդպես է եղել 2008-ից հետո: Ապրիլյան պատերազմում Թուրքիան իր դերակատարությունն ուներ և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական հրահանգիչներն են մարզել ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները: Թե ինչո՞ւ Թուրքիան բոլորի համար այդպես անթաքույց ու համեմատաբար ավելի մեծ չափով իր մասնակցություն ունեցավ միայն մի բացատրություն ունի. այս ապիկար իշխանությունների դիվանագիտական և անվտանգային քաղաքականության տապալմամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա զարմանք է հայտնել, թե ինչու ավելորդ լարվածություն ստեղծեցին մեր գլխավոր դաշնակցի հետ և այդ հակակշիռն ըստ արժանվույն չգործեց:
«Դա տեղի ունեցավ այն սուտ պատկերացմամբ, որ այդ լարվածությունը մեծացնում է մեր ինքնավարության աստիճանը: Ինքը պիտի հասկանա, որ ինքը պատասխանատու է ոչ միայն իր արարքների, այլ ժողովրդի անվտանգության համար: Երբ դու, խախտելով բոլոր դիվանագիտական կանոնները, փորձում ես միանձնյա որոշումներ կայացնելու ճանապարհով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, դու պիտի հասկանաս, որ վաղը-մյուս օրը խնդիրներ ես ունենալու: Երբ դու, խախտելով սեփական երկրի օրենքները օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է ու նաև ցուցում ես տալիս ֆեյքերին, անհայտ ծագմամբ կայքերին, որ գրեն՝ տես ինչ տղա է, ինչպես բարձրացրեց մեր սուվերենությունը, դու պիտի հասկանաս, որ վաղը-մյուս օրը դու դրա համար պատժվելու ես: Դու պիտի հասկանաս, որ երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցությունների մեջ ես մտնում, այդ ուրիշները քո նկատմամբ վերաբերունք են փոխելու»,- նշել է Ս. Սարգսյանը:
Նա օրինաչափ է համարում, որ որևէ մեկը չդատապարտեց Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու համար: «2016թ. ապրիլին միջազգային հանրությունը միահամուռ դատապարտում էր Ադրբեջանի հարձակողական գործողությունները: Ի՞նչ է նշանակում ՀՀ օդային տարածքը անհասանելի է: Այսինքն մեզ արգելեցին Վրաստանի, Իրանի օդային տարածքով ռազմական բեռ տեղափոխել: Երբևէ հիշում եք, որ մենք Վրաստանի օդային տարածքով ինչ-որ բան տեղափոխելու խնդիր ունենայինք: Դու բոլորի հետ փչացրել ես հրաաբերությունները, ուզում ես, որ այս օրհասական պահին նրանք ավելի անեն, քան կարելի՞ է»,- ասել է ՀՀ նախկին նախագահը: