Արցախի Հանրապետության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։ Այս մասին տեղեկանում են Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքից։
Ըստ նախագծի՝ նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերենով և ռուսերենով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»: Որպես հիմնավորում նշվում է Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու հանդիսանում է ռուսերենը։
Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ռուսերենն Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ կստանա։ Լուրերը, սակայն, Արցախից հերքվեցին։