Ամեն օր Արցախում զոհված մինչև 30-33 զինծառայողի աճյուն է նույնականացվում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3 հազար 450 մարմինների փորձաքննություն:
Անդրադառնալով մարմինների ԴՆԹ անալիզին՝ առողջապահության նախարարը նշեց, որ զոհվածների ԴՆԹ անալիզի արդյունքին սպասող հարազատների թիվը նվազել է, և գործընթացը շուտով կավարտվի:
Հիշեցնենք՝ Արցախի ՆԳՆ Արատակարգ իրավիճակների ծառայությունից հայտնեցին, որ անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու:
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է։