Ադրբեջանը արհեստական և չհիմնավորված խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիներին և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձնելու համար:
Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը:
«Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է սարքում:
Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում է՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով դրա դրույթների իրականացումն ընդհանուր առմամբ», – ասել է Այվազյանը։
Բոլոր ռազմագերիների շուտափույթ և անվտանգ վերադարձն առաջնահերթություն է, նշել է Այվազյանը ՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմը բարձր է գնահատում Ռուսաստանի ՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը ռազմագերիներին վերադարձնելու պայմանավորվածության լիարժեք կատարման հարցում։
«Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Այս մարդասիրական հարցի լուծման հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն խորացնում է հայ հասարակության ցավը, այլև ուղղակի մարտահրավեր է ինչպես Ռուսաստանի Դաշնությանը ՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավոր, այնպես էլ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը»,- ասել է Այվազյանը։
Մեկնաբանելով զինադադարի վերահսկողության համատեղ կենտրոնում թուրք զինվորականների ներկայությունը՝ Հայաստանի ԱԳ նախարարն ասել է․
«Անկարայի բացասական դերը ղարաբաղյան հակամարտության և հատկապես վերջին ագրեսիայի մեջ ակնհայտ է։ Սա առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի կողմից վերահսկվող Մերձավոր Արևելքի տարածաշրջաններից ահաբեկիչների և զինյալների տեղափոխմանն ու ակտիվ մասնակցությանը, Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի ռազմատեխնիկական աջակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը նախորդած կրակի դադարեցման շուրջ երեք պայմանավորվածությունների անթաքույց խափանմանը։
Ակնկալում ենք միջազգային հանրության առավել հասցեական ազդեցությունը ՝ ի շահ այն բանի, որ Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»։
Այվազյանն անթույլատրելի է համարել նաև Թուրքիայի հնարավոր ակտիվ ներգրավվածությունը ԼՂ բանակցային գործընթացում. իսկ Թուրքիան, որն անթաքույց հովանավորել է Արցախում մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունը, ինչպես նաև իր ռազմական անձնակազմն ու մարտական անօդաչու թռչող սարքերն է գործի դրել Արցախի խաղաղ բնակչության դեմ, արդեն իսկ ցույց է տվել ոչ միայն հակամարտության մեջ իր ներգրավվածության աստիճանը, այլև նրա կատարյալ հեռավորությունը բանակցային գործընթացից ։
Հարցին, թե մտադի՞ր Է արդյոք Երևանը վերանայել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որոշ դրույթներ, Այվազյանը պատասխանել է․
«Հայաստանը խստորեն պահպանում է կողմերի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթների կատարման սկզբունքը ։ Հայտարարության պայմանների կատարման հետ կապված հարցերի քննարկման նպատակով ազգային մակարդակով ձևավորվեցին միջգերատեսչական հանձնաժողովներ: Որոշակի փուլերում ծագող հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով։ Մենք մտադիր ենք հետագայում ևս հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության իրականացման այս մոտեցմանը։
Սակայն մի շարք հարցերի շուրջ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում կատարել պայմանավորվածությունները, առկա է եռակողմ հայտարարության դրույթների կամայական մեկնաբանություն, այդ թվում ՝ ռազմագերիների և այլ պահված անձանց փոխանակման մասին դրույթի մասով» ։