Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը: Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը։
«Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020թ. հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովից հարցնում է, թե արդյոք վերջինս նախատեսո՞ւմ է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությունը և կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»:
Ի պատասխան Եվրապատգամավորին՝ Եվրահանձնաժողովը հայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը և ընդգծում է մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը: Իր պատասխանում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաև հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, որը սահմանում է կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործություններ:
Եվրահանձնաժողովը ողջունում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաև կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:
Մեկնաբանելով գրավոր հարցման պատասխանը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Ադրբեջանը պետք է լիովին պատասխանատվություն կրի 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած զարհուրելի ռազմական հանցագործությունների համար: Դրանց թվում են Արցախի քաղաքացիական բնակավայրերը և կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը թիրախավորելը»,-նշված է հաղորդագրության մեջ։