Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանություն նախարարությունը:
«Մի խումբ հայ ուխտավորներ, ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ, այցելեցին Դադիվանք վանական համալիր:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ԱՀ զինծառայողներն ազատորեն թույլ են տալիս ուխտավորների մուտքը համալիրի տարածք՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգությունն ապահովելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի հարևանությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դադիվանքն ամենահին հայկական քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին:
Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավորներ այցելել են Դադիվանքի և Ամարասի վանքեր՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: