Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է դեսպան Ծովինար Համբարձումյանի հարցազրույցը, որը նա տվել է Byoblu24 հեռուստաալիքին։
«Ցավոք, հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում առաջացրեց ոչ միայն արտաքին, այլև ներքին լարվածություն:
Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը նախատեսում է բոլոր ռազմագերիների անհապաղ փոխանակում: Բայց ներկայումս Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել մինչ հիմա անազատության մեջ գտնվող մի քանի տասնյակ հայ ռազմագերիներին: Ամենացավալին այն է, որ միջազգային հանրության ճնշումից խուսափելու համար Ադրբեջանը ինչ-որ պահից ռազմագերիներին սկսեց անվանել «ահաբեկիչներ»:
Մի քանի օր առաջ Human Rights Watch կազմակերպությունը-ը զեկույց հրապարակեց, որը հաստատում է, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնություն են գործադրել հայ ռազմագերիների նկատմամբ: Կազմակերպությունը հարցազրույց է վերցրել 4 նախկին ռազմագերիներից, ովքեր պատմել են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների մասին, նշել, որ իրենց տանջել են հոսանքով, կրակայրիչով, երկաթյա սուր ձողով։
Կցանկանայի խոսել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային և կրոնական հուշարձանների բարբարոսական ոչնչացման մասին:
Ադրբեջանցիները փորձում են հայկական հուշարձանները վերագրել կովկասյան ալբանացիներին և արգելում են UNSECO- ի մասնագետների մուտքը: Ադրբեջանի նպատակը ոչ միայն հայերին Լեռնային Ղարաբաղից բնաջնջելն է, այլև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը վերացնելն է՝ այս տարածքում հայերի հազարամյա ներկայության որևէ հետք չթողնելու համար: Ադրբեջանցիները ջնջում են խաչերն ու հայերեն լեզվով հնագույն արձանագրությունները, վերացնում են բոլոր քրիստոնեական պատկերները»,- ասել է դեսպանը: