Այնպես չէ, որ նոյեմբերի 10-ից հետո Արցախի Սարուշենի ուղղությամբ կրակոցները դադարել են: Գյուղը սահմանամերձ է, որի ուղղությամբ անընդհատ կրակոցներ են լինում: Բայց օրերս ադրբեջանցիները կրակել են Սարուշենի տրակտորիստի ուղղությամբ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Մոտ երեք շաբաթ առաջ մեր խմբակցության պատգամավորներով եղել ենք Սարուշեն գյուղում, և այնպես չէ, որ սա առաջին դեպքն էր: Ավելի մեծ հնչեղություն ստացավ, որովհետև թիրախավորված էր. կոնկրետ գյուղատնտեսական ախատանքներ կատարող տրակտորիստի ուղղությամբ էին կրակել: Գյուղը սահմանամերձ է, որի ուղղությամբ անընդհատ կրակոցներ կան: Պարզապես այդ դեպքը համընկավ գերիներին տեղափոխող ինքնաթիռի դատարկ լինելու, նաև այն շահարկումների հետ, որ թուրքերը Կամիր Շուկայի ճանապարհն ենպահանջում: Բացի այդ, Մեղրիի հարցը ևս բարձրացավ այս ընթացքում: Երբ այս ամենը համադրում ես, հասկանում ես, որ սրանք պատահականություններ չեն: Նպատակը նաև մարդկանց շեղելն ու խուճապի մատնելն է: Իրոք լավ նախադեպ չէ: Խուճապի բերելով, ի վերջո, այս եղանակով կփորձեն համայնքները դատարկել: Եվ վտանգը հենց այդտեղ է և հենց այդ հանգամանքը մեզ անհանգստացրեց ու որոշեցինք, որ անպայման պետք է խոսենք, թեպետ Արցախի նախագահը հակառակն է պնդում և նորից կեղծ ու ոչ ճիշտ տեղեկատվություն է տալիս հանրությանը»,-ասաց պատգամավորը:
«Իմ տեղեկություններով, նշված դեպքի ուղղությամբ ռուսական կողմից քննություն է կատարվում»,-հավելեց նա:
Մ. Հակոբյանը նաև շեշտեց, որ անկախ վտանգներից, պատերազմից հետո Սարուշենի բոլոր բնակիչները վերադարձել են:
Դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մենք կապ հաստատեցինք նաև Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ: Նա նշեց, որ առաջիկայում համապատասխան հայտարարություն կլինի և այս պահին ոչինչ չի կարող ասել: