Ինչու էին Տավուշի, Լոռու և Շիրակի ոստիկանները հոկտեմբերի 4-ին տեղակայված Շուշիի Մշակույթի տանը, ինչո՞ւ էին նրանք ոստիկանական հանդերձանքով, ի՞նչ կարգավիճակով էին նրանք այնտեղ։
Այս մասին Բյուջե 2020 թվականի կատարողականը ներկայացնելիս ԼՀԿ-ական պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանն ասաց, որ բարձրացրած հարցերից ամենակարևորը առաջինն է, թե ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ հավաքվել մի տեղում, որտեղ անընդհատ օդային հետախուզություն է իրականացվել։ Հայաստանի քննչական կոմիտեում, ինչպես Փաշինյանն ասաց, մահվան բոլոր դեպքերի վերաբերյալ իրականացվում է քննություն։
«Ես պիտի անկեղծ խոստովանեմ, որ քննության բոլոր մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ քննչական մարմինների քննության հարց է։ Եթե մեր աջակցության անհրաժեշտությունը լինի, որոշակի թույլատրելի չափով մենք կարող ենք ապահովել Ձեր հաղորդակցությունը՝ որպես պատգամավոր, որպեսզի դուք ձեզ հուզող հարցերի որոշ պատասխաններ ստանաք»,- ասաց վարչապետն Ալեքսանյանին։