ԿԽՄԿ-ն նախաձեռնել է տեղահանված արցախցիներին ուղղված ծրագրեր։ Հայկական կարմիր խաչի ընկերության և որոշ պատկան մարմինների հետ համատեղ ԿԽՄԿ-ն ֆինանսավորել է արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ նախապատվությունը հիմնականում տրվել է արցախցիներին հյուրընկալած սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, քանի որ կազմակերպության թիրախային աշխատանքներն այդ ուղղությամբ են։
«Առաջին իսկ օրից, երբ մարդիկ տեղահանվել են, կարիքների գնահատման հիման վրա մենք տարբեր տեսակի աջակցություն ենք տրամադրել՝ սկսած հիգիենայի պարագաներից, հոգեսոցիալական աջակցությունից, տաք վերմակներից, տաքացուցիչներից․․․ Սյունիքի մարզի Գորիսի ու հարակից այլ համայնքների մանկապարտեզներում բնակեցված քաղաքացիների համար մեր ինժեներները վերանորոգել են սանհանգույցները, որպեսզի տաք ջրի հասանելիություն ունենան»,- ասաց Ամատունին։
Կազմակերպության խոսնակը նաև պատմեց, որ տեղահանված դպրոցական տարիքի երեխաները ստացել են գրենական պիտույքներ, դպրոցական պարագաներ, պլանշետներ, որպեսզի իրացնեն իրենց կրթության իրավունքը։
ԿԽ միջազգային կազմակերպության դիմումը դոնոր համայնքին 9,7 մլն շվեյցարական ֆրանկին համապատասխան գումար է եղել (10 մլն ԱՄՆ դոլարից ավել), որն ստացել են տարբեր դոնոր պետություններից՝ հատկացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի նմանատիպ ծրագերի իրականացմանը։