Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կրկին անդրադարձել է ԱԻՊԾ տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելու որոշմանը։
ԱԻՊԾ-ից, մասնավորապես, հայտնել են․
ԱԻ պետական ծառայության յուրաքանչյուր սպա ցանկացած քննարկման կամ հարցազրույցի հրավեր ընդունում կամ ասուլիս է կազմակերպում միայն վերադաս հրամանատարության կողմից ստացած թույլտվության դեպքում։ Ի դեպ, Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր։
Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս երեկ ազատվել էր ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Ըստ ԱԻՊԾ-ի՝ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չէր պահել վերադաս ղեկավարությանը և խոսել էր իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։