Ապրիլի 20-ին՝ կեսօրին, ադրբեջանական կողմը կրակել է Արցախի հանրապետության Մխիթարաշեն և Շոշ գյուղերի, ինչպես նաև Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ: Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ կրակոցի դեպքերով տարվում է քննություն։
Գերատեսչությունից հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որի համաձայն՝ Ստեփանակերտի Վաղարշյան հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:
«Այդ ժամանակ Ստեփանակերտում ուժեղ քամի է եղել։ Քաղաքացին ԱԻՊԾ է զանգել և ասել, որ մայրաքաղաքի Հայկավան թաղամասի տների ուղղությամբ փոքր տրամաչափի զենքով կրակել են և գնդակն ընկել է տուն, որտեղ երեխաներ են եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել»,- մանրամասնեց Հունան Թադևոսյանը։
ԱԻՊԾ խոսնակը նշեց, որ քննություն է տարվում՝ պարզելու, թե ինչպես է Շուշիից փոքր տրամաչափի զենքով արձակված գնդակը հասել Ստեփանակերտ․ դեռ հստակ չէ՝ թշնամո՞ւ ձեռքի գործն է, թե՞ ոչ։
Ի դեպ, մեզ չհաջողվեց կապ հաստատել Արցախի ՊԲ-ի հետ, մեր զանգերն անպատասխան մնացին։