Նախորդ շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարի Գրիգորյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Արցախում էին «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ տնօրեն Սերգեյ Շահվերդյանի նախաձեռնությամբ՝ գործընկերների հետ քննարկելու Արցախում պատերազմի հետևանքով զգալիորեն տուժած զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեն։
«Ստորև ներկայացնում ենք ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված հիմնական դրույթները.
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացված ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով մեր երկիրը կորցրել է զբոսաշրջավայրերի շուրջ 80 տոկոսը: Այժմ Արցախի Հանրապետությունը կանգնած է զբոսաշրջային նոր արդյունքի ստեղծման ու քայլուղիների մշակման խնդրի առջև:
Նախարարի խոսքով, ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից արդեն կազմվել է Արցախում անվտանգ զբոսաշրջավայրերի ցանկ, որտեղ տուրիստները կարող են իրենց լիարժեք անվտանգ զգալ: Դեպի այդ տարածքներ նախնական փուլում իրականացվում են ճանաչողական այցեր, ինչից հետո նախատեսվում են դրանց բարեկարգման, տեղերում ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների տեղադրման ու հանրահռչակման աշխատանքներ:
Կարևորելով Արցախում ոլորտի վերակենդանացման անհրաժեշտությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը: