Ռուս խաղաղապահները Մարտակերտ քաղաքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նշված վայրում մարտական գործողությունների ժամանակ եղել են հրետանային դիրքեր: Այս պահին տեղի բնակիչները վախենում են աշխատանքներ տանել մոտակա գյուղատնտեսական տարածքներում, քանի դեռ տեղանքի ամբողջական մաքրում չի իրականացվել:
Մայիսի սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա:
2020թ. նոյեմբերի 23-ից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, ստուգվել է 1733 շենք, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտներ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք, որ կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: