Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով հաստատված «1156. Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրի» «11012. «ի Գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառումը նախատեսված էր իրականացնել սփյուռքահայ մասնագետներին միայն Հայաստան բերելու և նրանց մասնագիտական և փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում կիրառելու համար: Այս առումով Կառավարության համապատասխան որոշման փոփոխություններ են արվել։
Կառավարության այսօրվա նիստում ներառված համապատասխան նախագծում նշվում է, որ հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետները զգալի քանակով ցանկություն են հայտնել իրենց նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կիրառել ոչ միայն ՀՀ պետական կառավարման համակարգում, այլև Արցախում:
Նշվում է, որ միջոցառումը նպատակաուղղված է ՀՀ և Արցախի հանրային ոլորտներում սփյուռքահայ մասնագետներին ներգրավելուն։ Միջոցառման անցկացումն ունի կարևոր նպատակ՝ նախաձեռնել ուղեղների վերադարձը և ներգրավել նրանց ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններում, նաև Արցախում համապատասխան աշխատանքների իրականացմանը: Ըստ հիմնավորման՝ միջոցառումը հիմք կհանդիսանա պոտենցիալ որակյալ մասնագետների ներգրավմանը ՀՀ և Արցախի աշխատաշուկայում: Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև կներգրավվեն Արցախի պետական կառավարման մարմինների աշխատանքներում: