Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը՝ նշելով, որ այս պահի դրությամբ ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %֊ը։
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբն իր Facebook-յան էջում կրկին հիշեցրել է անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը: Նշենք, որ այդ ծրագրերի թվում է 68 հազար դրամ միանվագ աջակցությունը: Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար 300.000 դրամ է: Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների միանվագ աջակցությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու 250.000 դրամ: Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ ֆինանսական օժանդակությունը 500.000 դրամ: Միանվագ դրամական օգնություն է տրվում նաև քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներին ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց: