Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Շուշիի գորգերի ցուցահանդեսի բացումը հնարավոր դարձավ Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասցատրյանի ջանքերի շնորհիվ:
Ճիշտ է, ճարտարապետության թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը նույնպես բարի կամք դրսևորեց՝ վեց ամիս սիրով տարածք տրամադրելով՝ արցախյան գորգարվեստը ցուցադրելու համար:
Գորգերը Շուշիից դուրս են բերվել անցյալ տարվա նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը «Ֆորդ» մակնիշի բեռնատարով: Փոխադրման ընթացքում մեքենան մի քանի անգամ կրակի տակ է հայտնվել, բայց բարեբախտաբար հետևանքներ չի ունեցել:
Ցուցահանդեսին ցուցադրվել է շուրջ 80 գորգ, ընդհանուր առմամբ Շուշիից արտահանվել է 160 գորգ, 45 նկար և 30 կերամիկա: Դժբախտաբար 120 գորգեր մնացին ադրբեջանական օկուպացիայի մեջ:
2011 թ.-ին ամերիկացի և ռուս բարերարների աջակցությամբ «Շուշի» արվեստի կենտրոնում բացվեց գորգերի թանգարան, որը Ասցատրյանը իր միջոցներով գնել է Արցախի տարբեր գյուղերում և քաղաքներում: Դրանց թվում են Ասկերանի շրջանի Շոշ գյուղի 17-րդ դարի «Փայլուն խաչ» գորգը, 18-րդ դարի Ծաղկագորգը՝ Հադրութի շրջանի Տող գյուղից, 18-րդ դարի «Քարավանը» Շուշիից:
«Գորգեր գնելով` ես փորձեցի փրկել հայկական մշակույթի մի ամբողջ շերտ: Արցախյան գորգերը կարող են շատ բան պատմել մեր ծագման, ավանդույթների և հավատքի մասին: Չմոռանանք, որ հայկական գորգագործությունը նույն հնագույն ծագումն ունի, ինչ կերամիկան ու քարի վրա փորագրելը»,- ասում է Վարդան Ասցատրյանը:
Այժմ նա զբաղված է Երևանում Շուշիի գորգերի մշտական թանգարան բացելու հարցի լուծմամբ: