Հադրութից տեղահանվածները դիմում են գրել ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին:
Հադրութցիները մի քանի պահանջ են ներկայացրել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Հադրութի վարչական ղեկավարի տեղակալ Արծվիկ Մայիլյանը։
«Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով ենք դիմել։ Խնդրել ենք՝ եռակողմ համաձայնագրով սահմանված՝ ապահովել մեր անվտանգ վերադարձը և բնակեցումը մեր տներում։ Թող վերադարձնեն մեր հողը։ Այս պահին բոլոր կողմերից համաձայնագիրը կատարում է միայն Հայաստանը, իսկ Ադրբեջանն ագրեսիվ կերպով խախտում է դրանք։ Դրա համար էլ այս պահանջի համատեքստում անհրաժեշտ է համարվել, որ երաշխավորը ապահովի համաձայնագրի կատարումը ադրբեջանական կողմից»,- ներկայացրեց նա։
Արծվիկ Մայիլյանը հույս ունի, որ գոնե կլուծվի իրենց պահանջներից մեկը․ գերիների ու անհետ կորածների հարցը շուտափույթ լուծում կստանան։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրեց նաև Հադրութի շրջանը։