USCIRF-ը՝ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի «Կրոնական հավատքի ազատության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնում գործող օրենքի այն հարցերին, որոնք նախորդ տարի USCIRF-ի հանձնակատարները բարձրացրել էին երկրի առաջ։ Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու առումով։
«USCIRF-ն անհանգստացած է աղոթատեղիների և այլ կրոնական վայրերի ամբողջականության պահպանման վերաբերյալ զեկույցներով, ինչպիսիք են Շուշիի Հայ Առաքելական Ղազանչեցոց տաճարը, որի գմբեթները, կարծես, հանվել են «վերականգնման» մասին լուրերի ֆոնին», – ասել է USCIRF-ի հանձնակատար Նադին Մաենցան:
Իր 2021 տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանին ներառի իր հատուկ դիտորդական ցուցակում`կրոնական ազատության խիստ խախտումներ կատարելու կամ դրանք հանդուրժելու համար: