Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի մասին հայտարարությունը, մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, որի հետևանքով տեխնիկայի ապակիների ջարդվելու արդյունքում Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։
«Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը և միջազգային իրավական նորմերը, պարբերաբար դիմում է սադրանքների՝ վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը։ Միջադեպերը նպատակ ունեն խաթարելու տարբեր համայնքներում ժողովրդի բնականոն կյանքը և ուղղված են Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ։
Հաշվի առնելով Արցախի ներպետական կառուցակարգերի՝ ադրբեջանական կողմից նման միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը՝ Պաշտպանը կոչ է անում համապատասխան քայլեր նախաձեռնել միջադեպերի ուսումնասիրման և քննության եռակողմ ձևաչափ ձևավորելու և գրանցվող բոլոր դեպքերով պատշաճ քննություն իրականցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին»,-գրել է Գեղամ Ստեփանյանը։