ՀՀ ՊՆ Հադրութի ՌՈ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի, ինչպես նաև 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին կայազորային քննչական բաժնում Շոշում Ադրբեջանի կողմից գյուղի բնակչի վրա կրակելու առթիվ:
Շոշի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ԱՀ ՊԲ զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ է քրեական գործ հարուցվել։ 2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող ԱՀ Մարտունու շրջանի Շոշի բնակչի կողմից այդ պահին շահագործվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ:
Դրա հետևանքով ամբողջությամբ վնասվել են էքսկավատորի դիմային և ձախ կողային դռան ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Ըստ էության սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել միայն այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել: