Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Նույն օրը երկրի ղեկավարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։
Նախագահ Հարությունյանը նշել է, որ կադրային այս որոշումը պայմանավորված է Կարեն Շահրամանյանի անցած ճանապարհով, պետական կառավարման ոլորտում ունեցած մեծ փորձով, մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակներով՝ հույս հայտնելով, որ հետպատերազմյան բարդ շրջանում նա այս պաշտոնում ևս կանի առավելագույնը պետական համակարգի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։ Նախագահի խոսքով՝ այս փուլում խնդիրներն ու անելիքները շատ են և Կարեն Շահրամանյանը կշարունակի իրականացնել իր լիազորությունները՝ որպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Բնակարանային հարցերի համակարգման հանձնաժողովի նախագահ։