ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունվարի 30-ին այցելել է Քարվաճառ՝ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի և տեղի դպրոցականների հետ քննարկելու իրենց հուզող հարցերը:
Պաշտպանը երեխաների հետ հանդիպմանը լսել է նրանց մտահոգությունները և առաջարկները շրջանի բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Անդրադառնալով հայտարարված դասադուլին՝ Պաշտպանն ընդգծել է, որ նախընտրելի չէ հատկապես երեխաների կողմից իրենց մեկ իրավունքի հաշվին մյուս իրավունքի իրացման համար պայքարելը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կրթության իրավունքի սահմանափակմանը: Դպրոցականները խոստացել են հետևել Պաշտպանի հորդորին և վերահաստատել են իրենց որոշումը առայժմ չդիմելու դասադուլի՝ միաժամանակ ընդգծելով, որ ակտիվորեն հետևելու են շրջանի բնակչությանը հուզող բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացին:
Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև հանդիպում է ունեցել Ալեքսանդր Քանանյանի հետ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով և քննարկել կառավարության հետ երկխոսության ընթացքը, արդյունքներն ու դժվարությունները: Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել, որ շարունակվում է կառուցողական երկխոսությունը, որը հույս է ներշնչում առաջիկա օրերին իրավիճակի հանգուցալուծման և հացադուլի դադարեցման համար: Նա շեշտադրել է, որ այս փուլում ամենակարևոր խնդիրը Ա.Քանանյանի առողջության պահպանումն է, և առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ մշտական ուշադրության ներքո է պահվում այդ հարցը:
Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է, ինչ քաղաքագետ, հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել՝ շրջանում նոր ՀԷԿ-երի կառուցումը թույլ չտալու համար: