Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Ժնևում հունվարի 29-30-ը սպասվող հանդիպումը կլինի այս տարվա ընթացքում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջին ռանդևուն: Մի քանի օր առաջ Կապանում իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու հնարավորությունը Մյունխենում փետրվարի 14-16-ն անցկացվող անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը հազիվ թե հանգեցնի լուրջ առաջընթացի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից:
Սակայն այն փաստը, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը տեղում կանգ չի առնում, վկայում է այն մասին, որ ինչպես Երևանը և Բաքուն, այնպես էլ միջազգային միջնորդները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այսօր միտված են հակամարտության` խաղաղ ճանապարհով լուծմանը:
Ուշադրության է արժանի այն, որ բանակցային սեղանի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կապանի մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլոր թեկնածուներին պատասխանելու այն հարցին, թե իրենք համաձայն են Հայաստանի նախկին իշխանությունների դիրքորոշման հետ, ինչպես նաև ներկայացնելու Ղարաբաղյան կարգավորման իրենց տարբերակները:
Ինչպես պնդում է Վարչապետը, վերջերս մամուլում հայտնվել է հրապարակում, որում ներկայացվել են հատվածներ Ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանին առկա փաստաթղթից, և որը Սերժ Սարգսյանը թողել է ժառանգություն: Փաշինյանի խոսքով` համաձայն փաստաթղթի` Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, մասնավորապես, Ադրբեջանին յոթ շրջանների (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրաիլ, Զանգելան, Կուբաթլի, Քելբաջար և Լաչին) հանձնումը Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցքի պահպանման պայմանով:
Բոլոր թեկնածուները, ովքեր պատասխանեցին Փաշինյանի կոչին (նրանք են, ովքեր չեզոք վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ` Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, Արտգործնախարար Մայիս Մայիլյան, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան, խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյան), հայտարարել են Ադրբեջանին ազատագրված տարածքները վերադարձնելու անթույլատրելիության մասին: Եվ ինչպես ակնհայտ է, նրանց համար անընդունելի է Հակամարտությանկարգավորման այնպիսի տարբերակը, որը քննարկվել է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից:
Ամենայն հավանականությամբ Փաշինյանը հասարակական կարծիքը նախապատրաստում է նրան, որ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո (մարտի 31) պաշտոնական Ստեփանակերտը կարող է դառնալ բանակցային գործընթացի մաս: Եվ արդեն այժմ անհրաժեշտ է հաստատել, թե ինչպիսի գաղափարներով կարող է Արցախի Հանրապետության ապագա ղեկավարությունը գնալ բանակցությունների: Այսօր նախագահական պաշտոնի թեկնածուները հայտարարում են, թե ինչին են համաձայն: Կարելի է ենթադրել, որ մոտակա ժամանակահատվածում նրանց կողմից կլինեն հստակ հայտարարություններ, թե ինչպես են տեսնում Ղարաբաղյան հակամարտության լուծումը: