Հունվարի 28-ին՝ Հայրենյաց պաշտպանի օրվա և Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ, Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինվորականներ, ազատամարտիկներ:
Նրանք ծաղիկներ են խոնարհել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանի խոսքով՝ օրվա խորհուրդը մեծ է բոլորի համար. կատարվել է հայ ժողովրդի դարերի երազանքը՝ ստեղծվել է հայկական բանակը, որը պաշտպանում է մեր անվտանգությունը, անկախությունը:
«Մեր սպաներն ու զինվորները պատվով կատարում են իրենց սրբազան պարտքը հայրենիքի սահմանների պաշտպանության համար: Մեր ժողովրդին վստահեցնում եմ, որ այլևս երբեք հակառակորդը, ոսոխը չի կարող խաթարել մեր անդորրը, իսկ եթե հարկ լինի համարժեք և ավելի խիստ պատասխանի կարժանանա»,- նշել է գնդապետ Գևորգյանը: