Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում կազմակերպվել է քննարկում՝ նվիրված Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին:
Քննարկման հիմնական բանախոսը ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթն էր: Աննա Աստվածատրյանն այժմ ապրում է ԱՄՆ-ում, ծնվել է Բաքվում և 11 տարեկան էր, երբ ստիպված էր հեռանալ Բաքվից:
«Վերջին 100 տարվա ընթացքում մեր ընտանիքը 3 անգամ մասսայական տեղահանության, Ցեղասպանության է ենթարկվել: 30 տարի առաջ մեր ընտանիքը նորից ենթարկվեց տառապանքի և հույս ունեմ, որ դա վերջին անգամն էր»,- ասել է Աննան:
Աննայի համար ողբերգականը ոչ միան հարազատներ ու բնակարան կորցրելն էր, այլև ջարդերից հետո աշխարհով մեկ սփռվելը, արմատներից հեռանալը: «Ես ապրում եմ օտար երկրում, ինձ տանն եմ զգում միայն Արցախում և Խնձորեսկում»,- նշել է նա:
Իրավաբան, ակտիվիստ Աննան հրատարակել է «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» գիրքը, որտեղ պատմում է , թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվել ազգային հողի վրա բռնությանը և բնաջնջմանը:
Նրա համար ցավալի է, որ պետական մակարդակով կատարվածին գնահատական չի տրվել: «Մի քանի օր առաջ ՀՀ պառլամենտում երկու հայկական պետությունների խորհրդարանները մեզ հետ պատահածը պաշտոնապես ընդունել են: Հույս ունեմ, որ դա առաջին քայլն է, որովհետև մինչ այժմ միասնական պետական քաղաքականություն չի մշակվել Ադրբեջանի հանցավոր գործողություններին գնահատական տալու համար»,- ավելացրել է Աննա Աստվածատուրյանը:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ Ադրբեջանում տեղի ունեցածը Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանության շարունակությունն է. «Դա նույն ցեղասպանությունն է, ցեղասպանողները՝ թուրքերն են և ցեղասպանվողը նույն հայն է: Նույն Ցեղասպանությունն է տարբեր պետություններում»։
Մանասյանի կարծիքով՝ պետք է տարբեր երկրներում ապրող ադրբեջանահայերից միջազգային կազմակերպություն ստեղծենք, որը կխոսի ինքն իր մասին: Առանց դրա գործը տեղից չի շարժվելու։