Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը երիտասարդական քաղաքականության նոր հայեցակարգ է մշակում: ԱՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգ ընդունվել էր 2008 թվականին՝ 10-ամյա ժամկետով:
Քննարկման փուլում գտնվող նոր հայեցակարգի մշակումը համագործակցաբար նախաձեռնել են ՄԵՀԶ նախարարությունը և ԵրՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնը: Ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանի մասնակցությամբ դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտում մեկնարկել են հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները: Քննարկմանը մասնակցել են ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ՄԵՀԶ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Դավիթ Ղուկասյանը, նույն բաժնի աշխատակիցներ, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԵրՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կատարած ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է նոր մշակվող հայեցակարգի նախնական տարբերակը, որը հանրային քննարկման փուլում է: Քննարկմանը մասնակից երիտասարդական և հասարակական կազմակերպությունների անդամները ներկայացրել են հայեցակարգի վերաբերյալ իրենց դիրքորոշումները, հանդես եկել այն լրամշակելու առաջարկներով:
Մշակվող հայեցակարգը նախատեսված է առաջիկա 5 տարիների համար: