Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերը, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցերը։ Այս մասին հայտնել է ТАСС-ը։
«Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հարցերը: Ընդգծվել է եռակողմ աշխատանքային խմբի կարեւոր ներդրումը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Լավրովն ու Բայրամովը գոհունակությամբ արձանագրել են, որ չնայած համաճարակի բացասական ազդեցությանը, ռուս-ադրբեջանական բազմապլան կապերը հաջողությամբ զարգանում են, աճում է առեւտրատնտեսական փոխգործակցությունը: