ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին հանդիպում կունենա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա տեղեկատվության համաձայն՝ նախատեսվում է փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության խնդիրների լայն շրջանակ քննարկել։
«Ուշադրության կենտրոնում են լինելու փախստականների և ներքին տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձի ապահովման գործընթացը։ Քննարկվելու են նաև Սիրիայի քաղաքացիների հայրենադարձությանն աջակցելու միջազգային հանրության ջանքերի մոբիլիզացմանը, Դոնբասից փախստականներին և ներքին տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու հարցերը», -նշվել է հայտարարության մեջ։