Նոյեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Այս մասին հաղորդում է Aysor.am-ը:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գրիգորի Սահակյանը իր ելույթում, խոսելով կուսակցության ստեղծման շարժառիթների մասին, ասաց, որ իրենք հաշվի են առել ժամանակի պահանջը և հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալու գերնպատակը՝ որոշում կայացնելով ստեղծել նոր քաղաքական ուժ, որը կդավանի ազգային-պահպանողական գաղափարներ:
« «Վստահություն» կուսակցությունը հանդես է գալու կառուցողական ընդդիմության դիրքերից և պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ, միավորվելու հանուն ընդհանուր նպատակների», – ասաց Գ. Սահակյանը:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության կողմից սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը՝ նա նշեց, որ այդ մասին դեռ վաղ է համարում խոսել, իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարած թեկնածուներին, ապա, այս պահին որևէ թեկնածուի սատարման մասին որոշում չկա, սակայն կուսակցության ձևավորումից հետո այդ հարցը, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը քննարկման օրակարգում կլինեն:
Այնուհետև ելույթներով հանդես են եկել նախաձեռնող խմբի այլ անդամներ, որոնք ևս ներկայացրել են իրենց մոտեցումները և կուսակցության օրակարգային հարցերը:
Համագումարի ընթացքում նաև հիմնվել են տարածքային ստորաբաժանումներ, հաստատվել է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, կատարվել է գործադիր մարմնի և վերահսկողություն իրականացնող մարմնի անդամների ընտրություն, իսկ կուսակցության նախագահ է միաձայն ընտրվել նախաձեռնող խմբի անդամ Գրիգորի Սահակյանը:
Համագումարին ներկա էին կուսակցության 100-ից ավելի պատվիրակներ և շուրջ 15 կուսակցությունների ներկայացուցիչներ