Այն բոլոր ուժերը, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը ղարաբաղյան խնդրի շուրջ, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են։ Այս մասին նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտնում է «Արցախպրեսը»։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Արցախյան հակամարտության հետ կապված ամենակարևոր գործընթացները, որոնք այսօր ընթանում են, ոչ միայն մոտեցումներն են, այլև՝ քայլերը:
«Արցախում և Հայաստանում ձևավորված ցանկացած իշխանություն պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Եթե այդտեղ չկա տարաձայնություն, մնացածը գործնական բնույթ է կրում»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների կողմից՝ Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին որոշ ուժերի կողմից պարտվողական և դավադիր որակավորումները ապակողմնորոշում են հանրությանը:
«Կարող են տարբեր կերպ մտածել, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որոնք չենք կատարել, կարելի է համարել դավադրություն։ Եթե դու անհիմն մեղադրում ես՝ չունենալով ինֆորմացիա, հակառակը՝ հակառակորդի ջրաղացին ջուր լցնելով, հասարակությանը պառակտելով, դավադիր քայլ է և հավասազոր է դավաճանության»,-նշել է Արայիկ Հարությունյանը: