Նոյեմբերի 4-ին ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողով, որին մասնակցում են ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերի 150 ուսանողներ:
Գիտաժողովի բացմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, բուհի նախկին ռեկտորներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:
Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է բուհի 50-ամյակի առթիվ` ներկայացնելով համալսարանի անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու մարտահրավերները:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ արժևորելով համալսարանի անցած ճանապարհը:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես են եկել ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը (Արցախի մայր բուհի 50-ամյա գործունեությունը), Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհի Շուշան Ներսիսյանը («Հայր» հասկացույթի իմաստային ընկալումները), Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Անժելիկա Առուշանյանը (Միջազգային դատարանների դերը միջազգային վեճերի խաղաղ կարգավորման գործում), ԱրՊՀ ուսանողուհի Թամար Գրիգորյանը (Ժամանակակից բանկային համակարգ և կրիպտոարժեքներ):
Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում: