Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների քայլն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը միջազգային իրավունքի մարդասիրական նորմերի կոպիտ խախտում է համարում։
Դավիթ Բաբայանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ ստացվում է՝ այսպիսի այցելությունները ցույց են տալիս, թե Շուշի այցելած դեսպանները համամի՞տ են Ադրբեջանի հետ և խրախուսո՞ւմ են ագրեսիան, մարդասպանությունն ու ցեղասպան քաղաքականությունը։
Շուշի այցելած դեսպանների թվում ներկա չեն գտնվել երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։
Արցախի արտաքին գործերի նախարարը դրական գնահատեց այս երկրների դեսպանների քայլը՝ նշելով, որ նրանք այդ ֆարսին չեն մասնակցել։
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ փաստացի լեգիտիմացում Արցախի նկատմամբ ահաբեկիչների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիային։ Մենք սա պետք է շատ լավ պատկերացնենք և ևս մեկ անգամ վիրտուալ գաղափարներով չառաջնորդվենք։ Իրականությունը պատկերացնենք այնպիսին, ինչպիսին, որ կա»,- նկատեց նա։
Ըստ Դավիթ Բաբայանի՝ սա նաև վկայում է միջազգային իրավունքի դեգրադացիայի մասին։
Արցախի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ այս ամենն աչքի առաջ ունենալով՝ պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք՝ զարգացնելով և խորացնելով հարաբերությունները եղբայրական երկրների հետ։
«Սատարելով ահաբեկիչներին և ցեղասպան քաղաքականություն իրականացնողներին՝ այդ երկրներն այնպես են անելու, որ նույն ահաբեկչությունն ու ցեղասպան քաղաքականությունն իրենց երկրների դռներն են ծեծելու։ Սա պետք է լավ հասկանան»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Սրանք Ադրբեջանում այն երկրների դեսպաններն են, որոնք այցելել են Արցախի գրավյալ Շուշի քաղաք և շնորհավորել ադրբեջանցիների հաղթանակը.
Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Բրազիլիա, Չինաստան, Աֆղանստան, Ալժիր, Պաղեստին, Վրաստան, Խորվաթիա, Հորդանան, Իսրայել, Շվեդիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Կորեա, Կատար,Լատվիա, Հունգարիա, Մալազիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիդերլանդներ, Պակիստան, Լեհաստան, Սերբիա, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան, Թուրքիա, Ուկրաինա և այլն»։